Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին

13:21, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետին, Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքների անդամներին ու հարազատներին մաղթելով ուժ և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:


© 2009 ARMENPRESS.am