ՖԻՄԱ-ի գլխավոր մարզիչն իր թիմին մրցունակ է համարում անկախ պարտություններից  

10:34, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ՖԻՄԱ բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանն իր թիմին մրցունակ է համարում, սակայն ունի միայն տեղացի ոչ բարձրահասակ բասկետբոլիստներ:

«Մեզ համար «Ուրարտու»-ին հաղթելը մարտաֆիլմերի ժանրից է: Մենք գիտակցում ենք, որ առավելագույնը խաղում ենք 6 բասկետբոլիստով, իսկ նրանցից 3-ն այնքան ցածրահասակ են, որ դա ազդեցություն է թողնում խաղի վրա: ՖԻՄԱ-ն նման կազմով կարող է խաղալ միայն 12-15 րոպե, ոչ ավելի: Մենք մեր տակտիկան չենք կարողանում իրականության վերածել բարձրահասակ բասկետբոլիստների բացակայության պատճառով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց թիմի գլխավոր մարզիչը:

Հարությունյանի խոսքով` խաղասկզբին «Ուրարտու»-ն պաշտպանվում էր, այդ ժամանակ ՖԻՄԱ-ին հաջողվում էր դիպուկ նետումներ կատարել, իսկ երբ փոխվեց հակառակորդի խաղաոճը, շեշտը դրվեց անհատական խաղի վրա, այդ ժամանակ ՖԻՄԱ-ն զիջեց դիրքերը: «Եթե մենք ուզում ենք բասկետբոլ հայաստանյան բասկետբոլիստներով, ապա ՖԻՄԱ-ն իդեալական է այդ հարցում»,-եզրափակեց Հարությունյանը:

Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Ուրարտու»-ն մրցեց ՖԻՄԱ-ի հետ: Նախկին «Միկա» մարզահամալիրում կայացած խաղի առաջին քառորդում ՖԻՄԱ-ն ավելի ակտիվ և կառուցողական խաղ էր ցուցադրում: Երկրորդ քառորդում ՖԻՄԱ-ն մեծացրեց միավորների առավելությունը, բայց «Ուրարտու»-ն կամային խաղի շնորհիվ նախ վերականգնեց հաշվի տարբերությունը, այնուհետ առաջ անցավ: Թիմերը մեծ ընդմիջման գնացին 49:45 հաշվով` հօգուտ «Ուրարտու»-ի: Երրորդ քառորդում «Ուրարտու»-ն խաղն իր ձեռքը վերցրեց և առավելության հասավ 107-84 հաշվով:


© 2009 ARMENPRESS.am