Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը  շնորհավորել է  ՀՀ վարչապետին

21:26, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար  Թորբյորն Յագլանդը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է.  «Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` 2018թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր հաղթանակի արդյունքներով։

Նոր խորհրդարանի կազմավորմամբ անցած տարի սկսված քաղաքական անցումը հասավ իր ավարտին՝ խաղաղ պայմաններում և սահմանադրական նորմերին համապատասխան։ Դեկտեմբերի 9-ի ընտրությունների իրականացումն ու արդյունքները վկայում են հայ ժողովրդի ձգտումը ժողովրդավարության և բարգավաճման։

Եվրոպայի խորհուրդը կաշխատի նոր կառավարության հետ այս նպատակներին հասնելու համար։ Ես վստահ եմ, որ ժողովրդավարական ինստիտուտներին և իրավունքի գերիշխանությանը շարունակական հանձնառությունը, որ երկիրը ցույց է տվել վերջին տարիներին, կշարունակվի՝ ի բարօրություն Հայաստանի քաղաքացիների։

Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր կարևոր պարտականությունների կատարման գործում»:


© 2009 ARMENPRESS.am