Վալերի Սեմերիկովը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու առթիվ 

13:28, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վալերի Սեմերիկովի ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Խնդրում եմ ընդունել ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները վերահաստատում են, որ Հայաստանի ժողովուրդը Ձեր կողմից հայտարարված ժողովրդավարական խորը բարեփոխումների ուղղության հետ հույսեր է կապում և պատրաստ է մասնակցել դրա իրականացմանը՝ հանուն սեփական երկրի լավ ապագայի: Վստահ եմ, որ հենվելով այդ աջակցության վրա՝ Ձեր գլխավորած կառավարությունը կհասնի զգալի առաջընթացի ՝ քաղաքական, սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

Հույս ունենք շարունակել և ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ ՀԱՊԿ ձևաչափում՝ կազմակերպության հետագա զարգացման և ՀԱՊԿ անդամ-պետությունների անվտանգության ապահովման ներուժի բարձրացման ուղղությամբ՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու նպատակով:

Հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և մեծ հաջողություններ՝ ի շահ Հայաստանի և նրա ժողովրդի»:   


© 2009 ARMENPRESS.am