Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

20:35, 15 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 15-ին  ստորագրել է ցեղասպանությունների եւ վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է այս քայլը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացնում է հանձնախմբի պաշտոնական կայքը:

Էլի Վիզելի ակտը ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված աննախադեպ օրենք է, որը մեծամասնությամբ ընդունել են Սենատն ու Սպիտակ տունը: Օրենքն օրինական ուժ է տալիս նախորդ, այդ թվում Օբամայի վարչակազմի ձեռնարկած քայլերին և կանոնակարգում նոր վայրագություններն ու ցեղասպանությունները կանխարգելելուն ուղղված հստակ քաղաքականություն և գործընթացներ:

« Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է Թրամփի՝ ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին ակտի  ստորագրումը և շնորհակալություն է հայտնում օրենսդիրներին, ովքեր առաջնորդել և աջակցել են ցեղասպանությունների կանխարգելման նախաձեռնության ընդունման համար»,-ասել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նա նաև նշել է, որ որպես Հայոց ցեղասպանության զոհերի ամերիկահայ ժառանգները հատկապես ուրախ են տեսնել, թե ինչպես են նման քայլերը ստանում օրենքի ուժ, որը խոսում է բարոյական հրամայականի մասին՝ ընդունելու նախկին ցեղասպանությունների դասերը՝ ձգտելով կանխել նոր վայրագությունները:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am