Սեյրան Օհանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

12:24, 15 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի ընդունում Մարտի 1-ի գործով իրեն առաջադրված մեղադրանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Օհանյանը:

«Ինչպես մեղադրանքի առաջադրման ժամանակ, այնպես էլ հիմա պնդում եմ, որ այն անհիմն է, և չեմ ընդունում»,- գրել է նա:

ՊՆ նախկին նախարարը նշել է, որ պետության համար բարձրագույն իրավական ակտ է համարվում Սահմանադրությունը, և յուրաքանչյուր ոտնձգություն նրա դեմ ոտնձգություն է երկրի քաղաքացու, պետականության դեմ և քրեորեն դատապարտելի է:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300. 1 հոդվածի հատկանիշներով (սահմանադրական կարգը տապալելը): Սեյրան Օհանյանը 2008 թվականին զբաղեցնում էր ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:


© 2009 ARMENPRESS.am