Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր Ազգային Ժողովին և նորանշանակ վարչապետին

18:01, 14 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի  առաջատար «Ազատ հայրենիք» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր Ազգային Ժողովին և նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

««Ազատ հայրենիք» կուսակցության Կենտրոնական խորհուրդը և «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը շնորհավորում են ՀՀ նորընտիր Ազգային Ժողովին և նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնավարման մեկնարկի առթիվ։

Լիահույս ենք, որ նոր խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը նոր մշակույթ ու որակներ կբերեն քաղաքական և օրենսդրական ասպարեզներ։ Համոզված ենք, որ նորընտիր Ազգային ժողովին և ձևավորվելիք կառավարությանը կհաջողվի լուծումներ գտնել Հայաստանի առաջ ծառացած բարդ ու դժվարին խնդիրների համար և Նոր Հայաստանի տեսլականը դարձնել իրական ու շոշափելի:

Հաջողություն մաղթելով Հայաստանի զարգացման և հզորացման նվիրական և պարտավորեցնող ճանապարհին՝ հայտնում ենք մեր լիակատար աջակցությունը: Վստահ ենք, որ Մայր Հայրենիքի հետ ազատ և ինքնիշխան Արցախի միասնական առաջընթացն անկասելի է»:


© 2009 ARMENPRESS.am