2019 թվականը նոր ծրագրերով, փոփոխություններով ու անելիքներով. խորհրդակցություն ԱԻՆ Փրկարար ծառայությունում

16:04, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում hունվարի 11-ին կայացել է Փրկարար ծառայության 2019 թվականի առաջին ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են դեկտեմբերի 31-ից հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին:

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում նշված ժամանակահատվածում գրանցվել է 560 ահազանգ, որից 38-ը՝ արտակարգ դեպք-պատահար:

Երևան քաղաքի փրկարարական վարչություն նույն ժամանակահատվածում գրանցվել է 468 ահազանգ, որից 110-ը՝ արտակարգ դեպք-պատահար:

Զեկուցելով տոն օրերին Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում ծավալված ժամանակավոր հենակետերի աշխատանքի մասին՝ մարզային փրակարարական վարչության պետերը նշել են, որ հենակետերում շուրջօրյա հերթապահություն իրականացնող փրկարարներն արագ արձագանքել են բոլոր կանչերին և համապատասխան օգնություն ցուցաբերել ձնակույտերի մեջ արգելափակված մեքենաներին ու քաղաքացիներին: Հենակետերը գործում են մինչ օրս և կշարունակեն հերթապահությունն ըստ անհրաժեշտության: Տնօրեն Ա. Նահապետյանը հայտնել է, որ առաջիկայում կտրամադրվեն ևս երեք շարժական հենակետեր, որոնք կծավալվեն ձնառատ հատվածներում:

Մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են նաև մարզերում ճանապարհների անցանելիության մասին, անդրադարձան կատարվող աշխատանքներին:

Ա. Նահապետյանը շնորհակալություն է հայտնել տոնական օրերին ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար, անդրադարձել նոր տարում սպասվող աշխատանքներին, տվեց մի քանի հանձնարարականներ, որոնք մասնավորապես վերաբերում էին Երևան քաղաքին և մարզկենտրոններին տրամադրվող տեխնիկական միջոցներին, փրկարար ծառայողի մասնագիտական պատրաստվածությանը և կառուցվածքային փոփոխություններին:

Տնօրենը նշել է, որ մարզային փրկարարական վարչությունների՝ 2018թ. կատարած ախատանքների ամփոփումներն ավարտելուց անմիջապես հետո Փրկարար ծառայությունը թևակոխելու է պատասխանատու շրջան՝ նոր ծրագրերով, փոփոխություններով ու անելիքներով:

 


© 2009 ARMENPRESS.am