Դեսպան Սամվել Մկրտչյանը իր հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի Հանրապետության նախագահին

17:27, 10 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հունվարի 9-ին  իր հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային (Andrzej Duda)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ և լեհ ժողովուրդների դարավոր առնչություններին և բարեկամությանը, Լեհաստանի հայկական համայնքի ներդրմանը երկրի քաղաքական և հասարակական կյանքին։

Կողմերն առանձնակի կարևորել են Հայաստանի անկախացումից հետո երկու երկրների միջև հաստատված բարեկամական և մշտապես վերելք ապրող միջպետական հարաբերությունները։ Ընդգծվել է փոխայցելությունների միջոցով ամենաբարձր մակարդակով քաղաքական երկխոսության շարունակականության անհրաժեշտությունը։ Օրակարգային է դիտարկվել առևտրատնտեսական կապերի աշխուժացումը՝ երկուստեք գործարար համայնքներին աջակցությամբ և խրախուսմամբ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵՄ Արևելյան գործընկերության ձևաչափին, դրա շրջանակներում Լեհաստանի առաջնորդող դերակատարությանը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացմանը։

Դեսպան Սամվել Մկրտչյանը Լեհաստանի նախագահին ներկայացրել է  2018թ․ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների բովանդակությունը, հեղափոխական վերափոխումների գործընթացը, տեղեկացրեց նորընտիր խորհրդարանի առաջիկա նստաշրջանի նախապատրաստման, ինչպես նաև՝ նոր կառավարության ձևավորման վերաբերյալ։

Հավատարմագրերի հանձնման արարողակարգային միջոցառումների շրջանակներում դեսպան Սամվել Մկրտչյանը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին։


© 2009 ARMENPRESS.am