Թուրքիայում հայազգի նախկին պատգամավորի ամուսինը մահվան սպառնալիքներ է ստանում հայերի իրավունքները պաշտպանելու համար

19:30, 9 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում գործող քեմալական «Հանրապետական ժողովրդական» CHP կուսակցությունից մեջլիսի հայազգի նախկին պատգամավոր Սելինա Դողանի ամուսինը՝ փաստաբան Էրդալ Դողանը հայերի իրավունքները պաշտպանելու համար մահվան սպառնալիքներ է ստանում: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է թուրքական artigercek կայքի սյունակագիր Ինջի Հեքիմօղլուն: 

Սյունակագրի փոխանցմամբ՝ Էրդալ Դողանը մահվան տարբեր սպառնալիքներ ստանալուց բացի ենթարկվում է նաև հետապնդումների: Օրեր առաջ Դողանի գրասենյակի մոտ անհայտ երիտասարդների խումբ է երևացել, որոնք հարցեր են տվել փաստաբանի աշխատանքի գալու և աշխատանքից դուրս գալու ժամերի վերաբերյալ: 

Գրասենյակի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են այդ երիտասարդների դեմքերը և ձայնագրությունը փաստաբանը հանձնել է ոստիկանությանը: 

Էրդալ Դողանը հայտնի է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների իրավունքների ակտիվ պաշտպանությամբ: Նա Դինքի սպանությունից հետա եղել է նաև նրա ընտանիքի փաստաբանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am