Հայաստանը բարելավել է դիրքերը «Ժողովրդավարության համաթիվ-2018» զեկույցում  

15:31, 9 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ»-ի (Economist Intelligence Unit - EIU)  «Ժողովրդավարության համաթիվ 2018» զեկույցում, որտեղ ներառված 167 երկրի շարքում է նաև Հայաստանը, ներկայացված է ժողովրդավարության վիճակը աշխարհի տարբեր երկրներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանը  8 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և կրկին դասակարգվել  «հիբրիդային ռեժիմ» կատեգորիայում: Այս կատեգորիայում Հայաստանը 2017 թվականի 4.11 ցուցանիշը հասցրել է  4.79-ի: Սրա արդյունքում մեր երկիրը 111-րդ հորիզոնականից տեղափոխվել է 103-րդը:

Դիրքերի բարելավման հանգամանքը փորձագետները պայմանավորում են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ և Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո սկսած հակակոռուպցիոն արշավով, ինչը բարելավել է երկրի կառավարական հաշվետվողականության և թափանցիկության ցուցիչները։

Վարկանիշի առաջատարները, ինչպես նախորդ տարի, Նորվեգիան, Իսլանդիան և Շվեդիան են։


© 2009 ARMENPRESS.am