Բուքը փակել է Ախպրաձորի ճանապարհը

13:41, 9 Հունվար, 2019

ԳԱՎԱՌ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի ճանապարհը սաստիկ բքի պատճառով փակ է մնում երեք օր շարունակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ախպրաձորի գյուղապետ Լավրենդիկ Ղազարյանը, գործին ոչնչով չեն կարողանում օգնել ճանապարհաշինարարները, քանի որ բուքը չի դադարում օրեր շարունակ:
«Ճանապարհը Ծովակ գյուղից բաց է մինչեւ Մաքենիս, իսկ Մաքենիսից մինչեւ մեր գյուղ արդեն փակ է: Այնքան սաստիկ բորան է, որ հնարավոր չէ դրսում աշխատել կամ գտնվել մի քանի րոպե: Ճանապարհաշինարարները տեղում են, սպասում են բքի հանդարտմանը, որպեսզի մաքրման աշխատանքներ ձեռնարկեն, սակայն առայժմ ոչինչ չեն կարողանում անել: Լավ է, որ գյուղում արտակարգ դեպքեր չկան»,-նշեց համայնքի ղեկավարը:
Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ հունվարի 9-ի կեսօրվա դրությամբ բքի պատճառով փակ է նաեւ Վարդենյաց լեռնանցքը, դժվարանցանելի են Վերին Գետաշեն-Մադինա եւ Վարդենիս-Այրք միջհամայնքային ճանապարհները, որոնց անցանելիության ապահովման համար ճանապարհաշինարարները կատարում են մաքրման եւ մշակման աշխատանքներ:
Մնացած ուղղություններում ճանապարհները բաց են եւ երթեւեկելի:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am