ՀՀ դեսպանը և Բելառուսի առողջապահության նախարարը քննարկել են բնագավառում համագործակցության ընդլայնման հարցեր

19:41, 8 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի և Բելառուսի առողջապահության նախարար Վալերի Մալաշկոյի  հունվարի 8-ին կայացած հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի առողջապահության ոլորտին առնչվող որոշումների իրականացման ընթացքին: Մտքեր են փոխանակվել երկու պետությունների միջև առողջապահության բնագավառում համագործակցության հետագա ընդլայնման, փորձի փոխանակման և նախատեսվող երկկողմ միջգերատեսչական փոխայցելությունների ու մասնագիտական հանդիպումների շուրջ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մալաշկոն ներկայացրել է ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիներին բուժօգնություն ցուցաբերելու մասին 1997 թվականին ստորագրված պայմանագրի դրույթների կիրառման մանրամասները, համաձայն որոնց՝ անհետաձգելի իրավիճակների դեպքում շտապ կամ անհապաղ բժշկական օգնությունը Բելառուսում գտնվող Հայաստանի քաղաքացիներին ցուցաբերվում է անհատույց։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել նման ձևաչափով քննարկումները մասնագիտական փոխգործակցության և կապերի խթանմանը նպաստելու համար:

© 2009 ARMENPRESS.am