Տոնական օրերին Շիրակի մարզում պատահարների աճ է գրանցվել

11:36, 8 Հունվար, 2019

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Տոնական օրերին Շիրակի մարզում պատահարների աճ է գրանցվել: Մարզի փրկարարներն ուժեղացված գրաֆիկով են աշխատել: Տոնական օրերին մարզի փրկարարները արձանագրել են 13 դեպք՝ անցած տարի 10 դեպք էր արձանագրվել: Գրանցվել է 2 զոհ, 10 տուժած՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածի 8 տուժածի փոխարեն: Զոհերն ու տուժածների մեծ մասն արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:

«Անցած տարի զոհեր չենք ունեցել, իսկ այս տարի 2 զոհն ու 5 տուժածը հենց ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանք են: Ավելացել են նաև հրդեհների և շմոլ գազից թունավորման դեպքերը, բարեբախտաբար առանց զոհերի: Մնացած դեպքերը կենցաղային կանչերն են եղել»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻ Շիրակի մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ փրկարար ծառայության փոխգնդապետ Մարտին Մկոյանը: Ամանորյա օրերին զանգահարողները հիմնականում ցանկացել են տեղեկություն ստանալ ճանապարհների վիճակի վերաբերյալ: Այս օրերին մարզում փակ կամ անանցանելի ճանապարհներ չկան, դժվարանցանելի են եղել որոշ միջհամայնքային ճանապարհներ: «Այս պահին էլ վիճակը նորմալ ու վերահսկելի է»,- նշեց պատասխանատուն:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am