Զոհրաբ Մնացականյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լավագույնս լուսաբանելու համար պարգևատրեց «Արմենպրես»-ին

16:30, 28 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը լավագույնս լուսաբանելու համար պարգևատրեց գագաթնաժողովի պաշտոնական լուսանկարիչ «Արմենպրես» լրատվական գործակալության և պաշտոնական հեռարձակող Հանրային հեռուստաընկերության անձնակազմին:

«Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանն ու Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը պարգևատրվեցին ԱԳՆ Պատվո մեդալներով: Գործակալության և հեռուստաընկերության աշխատակիցները ստացան շնորհակալագրեր:

Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը վստահություն հայտնեց, որ համագործակցությունը շարունակվելու է. «Մենք կունենանք Հայաստանի հեղինակությունը առաջ տանելու նոր առիթներ, որի համար մենք բոլոր կարողություններն ունենք՝ հսկայական մարդակային հարուստ ռեսուրս»։

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացվել էր հոկտեմբերի 7-12-ը:  Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին մասնակցեցին 38 երկրի ղեկավարներ:

[gallery id= 61884]

© 2009 ARMENPRESS.am