Երկարաձգվեց Սևանա լճում ձկնաբուծական տնտեսություն հիմնելու ներդրումային ծրագրի արտոնությունը

12:53, 27 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակում «Սևան Ակվա» ՓԲ ընկերությանը ավելացված արժեքի հարկի հետաձգման արտոնության ժամկետը երկարաձգեց մինչև 2019 թվականի մարտի 24-ը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այն լրանում էր 2018-ի դեկտեմբերի 31-ին:

Ներդրումային ծրագրի շրջանակում «Սևան Ակվա»-ն նախատեսում է տեղակայել մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն Սևանա լճում՝ կատարելով ընդհանուրը շուրջ 2,85 մլրդ դրամի ներդրումներ: Դրանցից կատարվել է շուրջ 2,38 մլրդ դրամը։ Ներկայումս ընկերությունում աշխատում է 27 մարդ, իսկ ներդրումային ծրագրի ամբողջական ցիկլն ապահովելու դեպքում՝ կստեղծվի ևս շուրջ 128 նոր աշխատատեղ։

Ծրագրի իրականացման արդյունքում տեղական սպառողները հնարավորություն կունենան  մշտապես սպառելու բարձրորակ և համեմատաբար մատչելի գներով ձկնամթերք, կավելանա ՀՀ-ից արտահանումների ծավալը, կստեղծվեն նոր աշխատատեղեր:


© 2009 ARMENPRESS.am