Կես միլիոնից ավելի համակարգիչներ են վարակված WannaCry վիրուսով. KryptosLogic

12:25, 27 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WannaCry վտանգավոր վիրուսը, որը 2017 թվականին ախտահարել Էր ավելի քան 300 հազար համակարգիչ, հայտնաբերվել Է հարյուր հազարավոր սարքերի մեջ ամբողջ աշխարհում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Tweitter-ում պատմել Է KryptosLogic ընկերության անվտանգության եւ սպառնալիքների վերլուծության բաժնի ղեկավար Ջեյմի Հենքինսը:

Նրա տվյալներով՝ մեկ օրում ընկերության մասնագետները գրանցել են գրեթե 3 մլն հարցում, որոնք ստացվել են 220 հազար վարակված համակարգիչներից: Մեկ շաբաթվա ընթացքում նրանց հաջողվել Է արձագանքել ավելի քան 17 մլն հարցումների, որոնք ստացվել են 194 երկրների գրեթե 640 հազար սարքերից: Այդ համակարգիչները վարակված են վիրուսի առաջին մոդիֆիկացիայով, որը մշտապես դիմում Է հատուկ դոմենին՝ ստանալու գրոհն սկսելու ազդանշան:

Այժմ ռեսուրսը հասանելի Է եւ վերահսկվում Է կիբեռանվտանգության բնագավառի մասնագետների կողմից: Սակայն ցանցում ցանկացած խափանում կամ Էլեկտրականության հետ կապված խնդիրները կարող են այն անջատել, եւ այդժամ WannaCry-ն կակտիվանա: Վարակված սարքերի մեծամասնությունը գտնվում Է Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի եւ Վիետնամի տարածքում: Հավելենք, որ նոյեմբերին կիբեռանվտանգության բնագավառի փորձագետները WannaCry վիրուսը համարել են մոլորակի ամենատարածված շորթիչը:


© 2009 ARMENPRESS.am