Էջմիածնում բողոքի գործողություններ են՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման

11:23, 22 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը դժգոհություններ է առաջացրել Էջմիածին քաղաքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էջմիածին քաղաքի մի խումբ բնակիչներ փակել են քաղաքի կենտրոնական փողոցները և պահանջում են կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին:

Էջմիածնում բողոքի գործողությունները սկսվել էին դեռ դեկտեմբերի 21-ի երեկոյան, երբ պարզ էր դարձել, որ Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվելու:

Էջմիածինցիները փակել են նաև Երևան-Էջմիածին ավտոճանապարհը: 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել է  Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի միջնորդությունը. նա ազատ է արձակվել  25 միլիոն դրամի գրավի դիմաց:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել:

Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am