ՊԵԿ-ը հորդորում է վճարովի ավտոկանգառների գործունեության համար վճարել սահմանված արտոնագրային հարկը. ապօրինի ձեռնարկատերերը կենթարկվեն պատասխանատվության

10:14, 20 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է վճարովի ավտոկանգառների գործունեության համար վճարել սահմանված արտոնագրային հարկը, հակառակ դեպքում կկիրառվի Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված  պատասխանատվությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում ասված է.

«Առևտրային, հանրային սննդի և այլ օբյեկտների կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող կամ վարձակալությամբ օգտագործվող տարածքներում տրամադրվող ավտոկանգառների համար առանձին դեպքերում գանձվում են վճարներ` չկիրառելով ավտոտրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը գրանցող համակարգեր: Հաշվի առնելով այդ հանգամանքը, որ նշված գործունեությունը Հարկային օրենսգրքի 276-րդ հոդվածի համաձայն հանդիսանում է արտոնագրային հարկով հարկման օբյեկտ` առաջարկում ենք օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկել, վճարել արտոնագրային հարկը և ստանալ արտոնագիր` սահմանված պատասխանատվությունից խուսափելու համար:

Նույն գործունեությունը պետական գրանցում չստացած կամ հարկային մարմնում չհաշվառված ֆիզիկական անձանց կողմից իրականացվելու դեպքում կդիտարկվի որպես ապօրինի ձեռնարկատիրություն և կկիրառվի Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված  պատասխանատվությունը, այն է` տուգանք այդ գործունեության արդյունքում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ձեռնարկատիրական եկամտի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 200 հազար դրամից»:       

 

 


© 2009 ARMENPRESS.am