Գեղարքունիքի մարզպետը համայնքների ղեկավարներին հրահանգեց բարձրացնել սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը

15:32, 19 Դեկտեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանում կայացած հանդիպմանը հրահանգեց սեփական եկամուտների հավաքագրման մեջ թերացած մի շարք համայնքների ղեկավարներին՝ մինչեւ տարեվերջ բարձրացնելու սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ տեղական բյուջեների սեփական եկամուտների ամբողջական հավաքագրման համար մարզպետն առաջարկեց իր եւ մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների աջակցությունը՝ հավելելով, որ բերված պատճառաբանությունները չեն կարող արդարացնել ներկա անմխիթար վիճակը, ինչից դուրս գալու համար հարկ կլինի համատեղ ջանքերի գործադրում ու հետեւողական աշխատանքի կազմակերպում: «Ցուցանիշները անբավարար են ստացվել թե հողի հարկի, թե գույքահարկի, թե տեղական տուրքերի ու հողի վարձավճարների գանձման ուղղություններում: Առավել վատ պատկեր ունենք Վարդենիսի տարածաշրջանում: Իհարկե, կարող են այստեղ շատ պատճառաբանություններ հնչել, սակայն թվերն արտացոլում են ձեր աշխատանքի ճշգրիտ պատկերը, որն արդարացման ոչ մի տեղ չի թողնում: Մի բան հստակ է, որ նման տեմպերով անհնար է շարունակել աշխատանքը, եւ մինչեւ տարեվերջ մենք պետք է համատեղ ուժերով կարողանանք շտկել իրավիճակը: Պատրաստ ենք աջակցել ու օժանդակել ձեզ բոլոր խնդիրներում, որպեսզի մոտակա օրերի ընթացքում կարողանանք նկատելի առաջընթաց գրանցել»,-համայնքների ղեկավարներին առաջարկեց մարզպետը: Մարզի տարբեր տարածաշրջանների համայնքների ղեկավարները նշեցին, որ ցուցանիշների ցածր կատարողականը հիմնականում կապված է առանձին հողատերերի կամ վարձակալների անպարտաճանաչության հետ, որոնք տարիներ շարունակ խուսափում են հողի հարկ կամ վարձավճարներ մուծելուց, որոնց նկատմամբ պետք է կիրառվեն տարբեր լծակներ կամ օրենքով սահմանված պատժամիջոցներ:
«Մեր շատ հարկատուներ աշխատում են պետական տարբեր գերատեսչություններում կամ մասնավոր հիմնարկներում, սակայն ձգձգում են հարկերի մուծումը: Եթե մեզ աջակցեն հիմնարկների ղեկավարները, ապա դրական արդյունքներ կգրանցենք»,-հավաստիացրին համայնքների ղեկավարները:
Հանդիպման ավարտին մարզպետ Գնել Սանոսյանի կողմից հստակ խնդիր դրվեց համայնքների ղեկավարների առջեւ՝ մինչեւ դեկտեմբերի 27-ը կտրուկ բարձրացնել սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը՝ այն մոտեցնելով 100 տոկոսի: «Ցուցանիշները որոշ տեղերում նկատելիորեն ցածր են ստացվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սա խոսում է անհոգի վերաբերմունքի, անկազմակերպ ու աշխատանքի բարձիթողի վիճակի մասին, ինչը կարող այսպես շարունակվել: Հույս ունեմ, որ տարին բոլորս միասին պատվով կփակենք»,-նշեց Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am