ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելել է Վրաստանի պարեկային ոստիկանություն 

19:49, 18 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստան այցի ընթացքում ՀՀ ոստիկանության պատվիրակությունը եղավ նաև պարեկային ոստիկանությունում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծառայության պատասխանատուները ողջունելով հայկական պատվիրակության անդամներին` շնորհակալություն հայտնեցին իրենց ծառայության նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրության համար և ներկայացրին ստորաբաժանման կառուցվածքն ու խնդիրները: Պարեկային ոստիկանությունը Վրաստանում գործում է 2004 թվականից, այն հասարակական կարգի ապահովման թիվ մեկ պատասխանատուն է: 

Պարեկային ոստիկանության ծառայողները նաև կանխում, նախականխում և բացահայտում են հանցագործություններ: Այն Վրաստանում ընդունված է ոչ թե որպես պատժիչ, այլ ծառայություն մատուցող ստորաբաժանում:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու պատվիրակության անդամները շրջեցին պարեկային ոստիկանության շենքում, ծանոթացան պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, պարեկային ծառայության մեքենաներին և այլն:

Քանի որ Երևանում ևս շուտով կազմավորվելու է շուրջօրյա շարժական պարեկային ծառայություն, հայկական պատվիրակության անդամները հետաքրքրվեցին ծառայության դրական ու բացասական կողմերի, տեխնիկական և այլ խնդիրների մասին:


© 2009 ARMENPRESS.am