«Արմենպրես»-ը եղել է եւ մնում է ոչ միայն վստահելի լրատվական աղբյուր, այլ նաև անփոխարինելի լրագրողական դպրոց. Արման Թաթոյան

18:33, 18 Դեկտեմբեր, 2018

 ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ դար շարունակ «Արմենպրեսը» եղել և շարունակում է մնալ ոչ միայն վստահելի լրատվական աղբյուր, այլ նաև անփոխարինելի լրագրողական դպրոց: Այս մասին նշել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենին և աշխատակիցներին՝ գործակալության հիմնադրման 100-ամյա տարեդարձի կապակցությամբ հղած ուղերձում:

«Հարգելի´«Արմենպրես» լրատվական գործակալություն,

Շնորհավորում եմ ձեր ներկա ու նախկին թիմի անդամներին գործակալության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:

Մեկ դար շարունակ «Արմենպրեսը» եղել և շարունակում է մնալ ոչ միայն վստահելի լրատվական աղբյուր, այլ նաև անփոխարինելի լրագրողական դպրոց իրենց կարիերան հաջողությամբ շարունակել ցանկացող լրագրողների համար։

Ողջունելի է, որ տասնամյակներ գործակալությունը շարունակում է կապող օղակ հանդիսանալ պետության և հասարակության միջև, ինչպես նաև հուսալի աղբյուր՝ միջազգային լրատվամիջոցների համար՝ պահպանելով էթիկայի կանոնները, օբյեկտիվության, բազմակողմանիության և մարդու իրավունքները հարգելու սկզբունքները։

Մաղթում եմ, որպեսզի կարողանաք մշտապես բարձր պահել լրագրողի ու լրատվամիջոցի հեղինակությունը»,- նշել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:


© 2009 ARMENPRESS.am