Ստեղծվել են նոր հնարավորություններ իսպաներեն ուսումնասիրող ուսանողների համար. Բրյուսովի անվ. համալսարանում բացվել է Արգենտինական կենտրոն
14:53, 18 Դեկտեմբեր, 2018ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Արգենտինայի դեսպանատան և Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ավելի քան 5 տարվա համագործակցությունից հետ համալսարանում բացվեց Արգենտինական կենտրոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իսպաներեն ուսումնասիրող և լատինամերիկյան մշակույթով հետաքրքրվող ուսանողներին հնարավորություն է ընձեռվում այցելել կենտրոն և օգտվել այնտեղ մատուցվող ծառայություններից:
Կենտրոնը նախատեսված է ոչ միայն սովորելու, այլև սեմինարներ, անհատական աշխատանքներ, ինչպես նաև հեռահար ծրագրեր իրականացնելու համար:
Բացման արարողությանը ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան նշեց, որ շատ կարճ ժամկետներում հասցրել են իրականացնել հետաքրքիր նախագծեր:
«Արդեն երեք անգամ Արգենտինայից Հայաստան են ժամանել բարձրակարգ մասնագետներ, ովքեր վերապատրաստել են այս համալսարանի դասախոսներին և ուսանողներին: Հույս ունեմ, որ այս համագործակցությունն ավելի կխթանի մեր երկրների բարեկամությունն ու կապերը»,- նշեց դեսպանը:
Նա ասաց, որ Կենտրոն մտնելիս զգացվում է անմիջապես Արգենտինայի շունչը, ինչը շատ կարևոր է լեզուն և մշակույթն ուսումնասիրելու դեպքում:
Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ կենտրոն բացելու առաջարկն առաջինը եղել է դեսպանությունից:
[gallery id= 61837]«Բուենոս Այրեսի համալսարանից դասախոսներ կան, ովքեր պարբերաբար գալիս են մեր համալսարան և դասախոսների հետ իրականացնում մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներ: Այս կենտրոնում սովորելուց հետո մեր ուսանողները հնարավորություն կստանան պրակտիկա անցնել Արգենտինայի համալսարաններում»,- ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ իրենք գուցե շուտով քայլեր ձեռնարկեն, իսպաներեն ուսումնասիրող ուսանողներից բացի այլ անձանց համար դասընթացներ կազմակերպելու համար:
«Այս միտքը դեռ նախագծման փուլում է, սակայն մենք այլ կենտրոնների հետ կապված՝ հունական, իտալական, կորեական, այս փորձն արդեն իսկ ունենք»,- նշեց համալսարանի ռեկտորը:
Արգենտինայի դեսպանատան կողմից իրականացվող «Մեկ գիրք հանուն ընկերության» ծրագրի շրջանակներում հավաքվել է ավելի քան 250 գիրք, որոնք նվիրաբերվել են կենտրոնին և կօգտագործվեն ուսումնական նպատակներով:
Երկու հաստատությունները համագործակցության ընթացքում տարբեր ձեռքբերումներ են ունեցել, որոնցից են՝ Հայաստանում արդեն իսկ անց են կացվում CELU (իսպաներենի գործածման սերտիֆիկատ) քննություններ, տեղի է ունենում իսպանալեզու գրքերի և ձեռնարկների հավաքագրում, փորձագետների փոխանակում, դասախոսական և ուսանողական կազմի վերապատրաստում և այլն: Սպասվում է իսպաներենի դասավանդման առաջին աննախադեպ ձեռնարկի ստեղծումը, ինչին մեծապես կնպաստի կենտրոնի բացումը:
© 2009 ARMENPRESS.am