Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և ՄԵՐԿՈՍՈՒՐԸ առևտրատնտեսական համագործակցության հուշագիր են ստորագրել

13:47, 18 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Հարավամերիկյան ընդհանուր շուկան (ՄԵՐԿՈՍՈՒՐ) դեկտեմբերի 17-ին առևտրատնտեսական համագործակցության մասին հուշագիր են ստորագրել: Ինչպես «Արմենպրես»-ին, վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, հուշագիրը ստորագրվել է Մոնտեվիդեոյում՝ ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Հուշագիրը ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝  առևտրի հարցերով կոլեգիայի անդամ Վերոնիկա Նիկիշինան և Արգենտինայի, Բրազիլիայի, Պարագվայի և Ուրուգվայի արտաքին գործերի նախարարները:

«Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Եվրասիական տնտեսական միության և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի անդամ երկրների միջև առևտրաշրջանառությունն ավելացել է 8 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5.7 միլիարդ դոլարի փոխարեն հասնելով 6.2 միլիարդ դոլարի: Դա, իհարկե, շատ քիչ է և պայմանավորված է փոխադարձ առևտրի պահպանողական կառուցվածքով, որը հիմնականում բաղկացած է հում սննդից: Չկրճատելով արդեն առկա առևտրային հոսքերը՝ հարկավոր է գտնել կոոպերացիաների զարգացման ուղիներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մեքենաշինությունը, սարքավորումների արտադրությունը, էլեկտրոնիկայի, գյուղատնտեսական տեխնիկայի արտադրությունը: Բացի այդ, ԵԱՏՄ-ն ու ՄԵՐԿՈՍՈՒՐԸ միմյանցից սովորելու բան ունեն ներքին ինտեգրացիայի հետ կապված հարցերում, քանի որ տնտեսական փոխադարձ կապերի ձևավորումը ծնում է հիմնականում իրար նման խնդիրներ և առաջադրանքներ, որոնք տարբեր կերպ են լուծվում: Եվ այստեղ փորձի փոխանակումը ներքին խոչընդոտները հաղթահարելու բանալին է»,- ասել է Վերոնիկա Նիկիշինան:

Հուշագիրը ենթադրում է, որ լիազորված գերատեսչությունները անցկացնելու են լայնաֆորմատ երկխոսություն առևտրի, մաքսային վարչարարության, տեխնիկական կանոնակարգման և ստանդարտիզացիայի, տնտեսության թվայնացման, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: Դա թույլ կտա բացահայտել ներուժը, որն այսօր մեծ հաշվով չի իրացվում:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am