ԱՄՆ-ում հայտարարել են «Օսկար»-ի անվանակարգորդների կարճ ցուցակը

11:52, 18 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հան Սոլո. աստղային պատերազմներ: Պատմություններ», «Սեւ հովազ» ֆիլմերը, ինչպես նաեւ եւս ութ կինոնկարներ են տեղ գտել «Օսկար» մրցանակի հավակնորդների կարճ ցուցակում «Լավագույն տեսողական Էֆեկտներ» անվանակարգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 17-ին հայտնել Է Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան, որը շնորհում Է այդ պարգեւը:
Կարճ ցուցակում ներառված են նաեւ «Մարդ-մրջյունը եւ Իշամեղուն», «Վրիժառուներ. անվերջության պատերազմը», «Քրիստոֆեր Ռոբին», «Մարդը՝ լուսնի վրա», «Յուրայի դարաշրջանի աշխարհը 2», «Մերի Փոփինսը վերադառնում Է», «Առաջին խաղացողը թող պատրաստվի», «Մարվենի զարմանալի աշխարհը» ֆիլմերը:
Ինչպես հայտնել են ակադեմիայում, հունվարի 5-ին նրա անդամները 10-րոպեանոց հատվածներ կդիտեն այդ ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր ֆիլմից: Դրանից հետո կընտրվի հինգ կինոնկար, որոնք կանվանակարգվեն մրցանակի:
Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան մրցանակի հավակնորդների կարճ ցուցակներ Է հրապարակել եւս մի քանի անվանակարգերում: «Գրիմը եւ սանրվածքի ոճը» կատեգորիայում տեղ են գտել «Սեւ հովազ», «Բոհեմական ռապսոդիա», «Սահման». «Երկու թագուհի», «Սթենը եւ Օլլին» եւ «Սուսպիրիա» ֆիլմերը:
Ինչպես հայտնել են ակադեմիայում, սկզբնապես 140 ժապավեն Է «Օսկար»-ի առաջադրվել «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» կատեգորիայում: Կարճ ցուցակ Է մտել տասը կինոնկար, այդ թվում՝ «Միայն ձեր ականջների համար», «Վայրենին» ժապավենները:
«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում պարգեւի Է առաջադրվել 81 աշխատանք: Կարճ ցուցակում ներառվել են դրանցից տասը, այդ թվում՝ «Կենդանիների վարքագիծը», «Բաո» եւ «Ծովափիղ պապիկը» մուլտֆիլմերը:
«Օսկար»-ի 91-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2019 թվականի փետրվարի 24-ին: Այն կանցկացվի Dolby թատրոնում (Հոլիվուդ, Լոս Անջելես), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am