12-ամսյա գնաճը նոյեմբերի դրությամբ կազմել է 1.8 տոկոս

15:27, 14 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում գնաճը բավականին ցածր է մնում, 12-ամսյա գնաճը նոյեմբերի դրությամբ կազմել է 1.8 տոկոս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը դեկտեմբերի 14-ին կայացած «Ֆիչ Ռեյթինգս»-ի երևանյան համաժողովում:

«Վերջին ամսվա՝ նոյեմբերի դրությամբ 12-ամսյա գնաճը 1.8 տոկոս է կազմում: Մենք հարցումներ ենք իրականացնում հանրության և ֆինանսական ինստիտուտների շրջանակում: Եվ եթե տարվա սկզբին՝ մինչև 3-րդ եռամսյակը կային գնաճի արագացման որոշակի սպասումներ, ապա այսօր այդ սպասումները քիչ են՝ գնաճի զարգացումներից ելնելով: Գնաճը գտնվում է մեր կանխատեսման շրջանակում: Եվ տարին կավարտենք մեր թիրախի շրջանակներում»,-ասաց Երիցյանը:

Նրա կարծիքով՝ դրամավարկային քաղաքականությունը դեռ պետք է մնա ընդլայնողական, որպեսզի կարողանան գնաճի նպատակներին հասնել:

Երիցյանի խոսքով՝ ընթացիկ հաշիվը նույնպես կայուն է մնում: Նա սա համարեց կարևորագույն մակրոտնտեսական ցուցանիշ: Այս տեսակետից վերջին մի քանի տարիներին ընթացիկ հաշվի դեֆիցիտը բավականին ցածր է: Երիցյանը հույս հայտնեց, որ արտահանման հետագա զարգացումների և աճի, դիվերսիֆիկացման հաշվին այդ միտումները կպահպանվեն:


© 2009 ARMENPRESS.am