Աննա Հակոբյանն ու «Anna Kara loans» ընկերության հիմնադիր Աննա Կարան քննարկել են համագործակցության հարցեր

16:00, 11 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 11-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալել է ամերիկահայ գործարար և բարերար «Anna Kara  loans»  ընկերության  և համանուն բարեգործական հիմնադրամի հիմնադիր Աննա Կարային (Կարապետյան): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  հանդիպման ընթացքում Աննա Կարան ներկայացրել է «Anna Kara  loans» բարեգործական հիմնադրամի գործունեությունը:

Արդեն 9 տարի է հիմնադրամն օգնում է Վանաձորի մանկատան շրջանավարտներին՝ հոգում նրանց կացության, մասնագիտություն ձեռք բերելու և աշխատանք գտնելու հարցերում:

«Թավշյա հեղափոխությունից հետո մեծ ոգևորություն եմ ապրում և մտադիր եմ Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերն ընդլայնել, ընկերներիս հետ միասին ներդրումներ անել, կառուցել հատուկ կենտրոն, որը կլինի օթևան մանկատունն ավարտած երեխաների համար: Այդ օթևանում նրանք ձեռք կբերեն կյանքի հմտություններ, պահանջված մասնագիտություններ և կօգնեն տեղավորվել աշխատանքի»,-հանդիպման ընթացքում ասել է Աննա Կարան՝ հավելելով, որ թե´ ինքը, թե´ իր բիզնես գործընկերներն ու բազմաթիվ ամերիկահայեր մտադիր են աջակցել և սերտորեն համագործակցել «Իմ Քայլը» հիմնադրամի հետ:

Աննա Հակոբյանն էլ վստահեցրել է, որ մանկատան սաների համար օթևան կառուցելու հարցում ինքն ու հիմնադրամը պատրաստ են աջակցել և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն: «Շատ կարևոր է որպեսզի խնդրին տրվի համալիր լուծում, և ներկա դրությամբ հիմնադրամն աշխատում է այդ ուղղությամբ և պատրաստ է համագործակցել շահագրգիռ բոլոր կողմերի հետ»,-ասել է Աննա Հակոբյանը:

 

 

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am