Քեվին Օքսուզը հանձնվել է ԱՄՆ-ի իրավապահ մարմիններին

15:52, 11 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ թուրք Քևին Օքսուզը հանձնվել է ԱՄՆ-ի իրավապահ մարմիններին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունից, Օքսուզը իրեն մեղավոր է ճանաչել ԱՄՆ իրավապահների կողմից ներկայացված մեղադրանքում:

«Օքսուզի դատավճիռը հրապարակվելու է Կոլումբիայի նահանգի շրջանային դատարանի կողմից 2019 թ. փետրվարի 11-ին: ԱՄՆ-ի արտաքին գործերի գրասենյակը և ԱՄՆ պետքարտուղարությունը, համագործակցելով Հայաստանի իշխանությունների հետ, զգալի աջակցություն են ցուցաբերել արտահանձնման գործընթացին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից որոշում էր կայացվել Քեվին (Քեմալ) Օքսուզի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով նրան հանձնել Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններին:

Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնարարվել էր իրականացնել Ք. Օքսուզի փոխանցումը ԱՄՆ իրավասու մարմիններին:

ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Օքսուզի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի օգոստոսի 31-ի որոշմամբ կիրառվել էր կալանավորում:

The Sena Group ՍՊ ընկերության (հիմնադիր՝ Քեվին (Քեմալ) Օքսուզ) տնօրինության կողմից խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Քևին Օքսուզի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցված և Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Կարեն Խաչատրյան


© 2009 ARMENPRESS.am