Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

21:21, 10 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան այցելած մի շարք պատվիրակությունների ներկայացուցիչներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության  ու հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանը և դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները գոհունակությամբ արձանագրեցին նախընտրական քարոզարշավի կազմակերպման և խորհրդարանական ընտրությունների անցկացման բարձր մակարդակը, մտքեր փոխանակեցին ընտրական գործընթացների հետագա կատարելագործման ուղղությամբ համագործակցության շուրջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ երկրում օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը իրականացվում են քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ, ինչը ամուր հիմք է հանդիսանում երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և դրանց նկատմամբ հանրային վստահության բարձրացման համար։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շեշտեց, որ ընտրությունների արդյունքները վերահաստատեցին ժողովրդի կողմից տրված լայն մանդատը և վստահությունը գործող կառավարության հանդեպ, որը չափազանց ոգևորիչ և, միաժամանակ, պարտավորեցնող՝շարունակելու իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։

Զրուցակիցները բարձր գնահատեցին նաև կանանց ակտիվ մասնակցությունը և դերակատարությունն ընտրական գործընթացում։


© 2009 ARMENPRESS.am