ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կարծում է, որ կրթությունը կարևոր գործիք է հանցագործությունները կանխարգելելու  համար

14:12, 10 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ադամա Դիենգը կարծում է, որ կրթությունը շատ կարևոր գործիք է ցեղասպանությունը և նմանատիպ այլ հանցագործությունները կանխարգելելու  համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումի ժամանակ Ադամա Դիենգը նշեց, որ ցեղասպանության հանցագործությունների կանխարգելումը պատասխանատվություն է, որ դրված է բոլորիս ուսերին: «Մարդկանց անհրաժեշտ է կրթել, որպեսզի նրանք հասկանան, որ մաշկի գույնը չի որոշում նրանց մարդկային լինելը, որ իմ աստվածն ավելի ուժեղ չէ,  քան քո աստվածը, որ իմ մշակույթը չի գերակայում քոնի նկատմամբ, և այդ բազմազանությունը որպես այդպիսին հարստություն է, այլ ոչ խնդիր»,-ասաց նա, վստահեցնելով, որ յուրաքանչյուրը կարող է իսկապես փոխել իրավիճակը՝ թե ջատագովելով առանձին սկզբունքները կառավարության հետ համագործակցության շրջանակներում, թե ՄԱԿ-ի հետ համագործակցելով բնակչությանը պաշտպանել այնպիսի իրավիճակներից, որոնք  ստեղծում են նման հանցագործությունների համար բարենպաստ պայմաններ:

«Երբ խոսում ենք ցեղասպանությունների կանխարգելման մասին, խոսքը միայն Հայաստանին չի վերաբերվում, խոսքն ամբողջ աշխարհի մասին է,:70 տարի է աշխարհի առաջնորդները միաձայն կրկնել են այլևս երբեք ՝ընդունելով ցեղասպանության կանխարգելման և ցեղասպանության հանցագործության պատժի վերաբերյալ կոնվենցիան»,-նշեց Դիենգը:

Նա վստահեցրեց, որ ցեղասպանությունը որպես հանցագործություն կոնվենցիայով չի սահմանվել, պարզապես կոնվենցիան որպես այդպիսին ստեղծել է այն իրավական պարտավորությունն ու հանձնառությունները պետությունների շրջանակներում, որ պետք  է պատժեին այդ հանցագործությունները: «70 տարի անց մենք կարող ենք տոնել որոշ ձեռքբերումներ այս ուղղությամբ ևս մեկ անգամ փաստելով, թե ուր ենք հասել մեր միջազգային, իրավական,  մարդու իրավունքների պաշտպանության տիրույթում»,-հավելեց Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:


© 2009 ARMENPRESS.am