ԱԺ արտահերթ ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է օտարերկրյա ԶԼՄ-ների ավելի քան  80 ներկայացուցիչ

15:36, 9 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կայացող խորհրդարանական արտահերթ ընտրությունները լուսաբանելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրվել է մոտ 40 օտարերկրյա լրատվամիջոց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նա նաև գրել է, որ այդ լրատվամիջոցներից հավատարմագրվել է ավելի քան 80 ներկայացուցիչ: 

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:


© 2009 ARMENPRESS.am