Անհրաժեշտություն է առաջացել դեկտեմբերի 7-ը նշել նաև որպես աղետներին դիմակայունության օր.Ֆելիքս Ցոլակյան
18:56, 7 Դեկտեմբեր, 2018ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Գյումրի քաղաքում կայացավ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «հիշատակի եվ աղետներին դիմակայունության օր» խորագիրը կրող միջոցառումների շարք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, միջոցառումներին մասնակցեցին ՀՀ կառավարության անդամները՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև արտերկրից ժամանած հյուրեր:
ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի և «Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանի կողմից տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Սպիտակի երկրաշարժ» թեմայով նամականիշի մարում:
Ապա Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայացավ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստը, որը վարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը: Նիստի ընթացքում գործադիրն ընդունեց դեկտեմբերի 7-ը որպես «Հիշատակի և աղետներին դիմակայունության օր» հայտարարելու մասին որոշում:
Հարցով որպես հիմնական զոկուցող հանդես եկավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը:
«Հաշվի առնելով, որ ներկայումս դեկտեմբերի 7-ը համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի՝ նվիրված է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, ինչպես նաև ՀՀ վարչապետի «Աղետներին դիմակայունության օր» միջոցառումների անցկացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծով նախատեսվող իրականացվելիք միջոցառումների ընդհանուր ուղղվածությունը՝ անհրաժեշտություն է առաջացել դեկտեմբերի 7-ը նշել նաև որպես աղետներին դիմակայունության օր»,- ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը:
Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ որոշումը միջազգայնացնելու նպատակ է հետապնդում: «Այն երկրներից շատերը, որ մասնակցել են աղետի ժամանակ փրկարարական աշխատանքներում, պատրաստակամություն են հայտնել, որ այս օրը որպես հիշատակի և աղետների կանխման օր նշվի նաև իրենց երկրներում: Արդեն կան նման օրինակներ», - նշեց Ֆելիքս Ցոլակյանը:
Ապա Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցում հոգեհանգստի կարգ մատուցվեց, որին մասնակցեցին նաև կառավարության անդամներն ու հյուրերը:
Ապա Ամենափրկիչ եկեղեցում մոտակայքում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի շրջանակներում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը հանդես եկավ հանրապետության բնակչությանը և հայ ժողովրդին ուղղված ուղերձով։
«Երկրաշարժի մասշտաբը ուղղակի հարված էր մեր երկրի ներուժին, աղետն ուղղակի հարված էր մեր երկրի տնտեսությանը: Սա ընդհանրապես հսկայական և հոգեբանական հարված էր մեր երկրի համար: Սակայն, դրա հետ մեկտեղ, այս աղետը ազգային միասնության մի յուրօրինակ անկյունաքար դարձավ և միլիոնավոր հայեր իրենց ուշադրությունը սևեռեցին պատմական հայրենիքի վրա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և նրանց ուղեկցող պաշտոնատար անձինք նաև հարգանքի տուրք մատուցեցին ի հարգանք երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին և ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Ապա Գյումրիի Բուլվարային թաղամասի Գործարանային փողոցում կայացավ «Ուժեղ երկրաշարժերի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների նախապատրաստում և անցկացում» թեմայով ԱԻՆ փրկարար ծառայության ուժերի ցուցադրական վարժանք, որից հետո պաշտոնատար անձինք ծանոթացան վարժանքի տարածքում ծավալված վրանային ավանին:
© 2009 ARMENPRESS.am