«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել երկրի առաջ

19:27, 6 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատրաստ է օր ու գիշեր աշխատել, որպեսզի օր առաջ կառուցեն ու զարգացնեն Հայաստանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Մանե Թանդիլյանը՝ ամփոփելով իրենց նախընտրական քարոզարշավը:

«Մեր քարոզարշավների ընթացքում շրջելով ամբողջ Հայաստանով և խոսելով յուրաքանչյուրի հետ՝ նրանց բացատրել, համոզել ու ապացուցել ենք, թե ինչու պետք է ընտրեն հենց «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը: Մեր կուսակցությունը գաղափարական, արժեքային կուսակցություն է և թիմ»,- նկատեց Թանդիլյանը:

Նա ընդգծեց, որ «Լուսավոր Հայաստան»-ը պատրաստ է ստանձնել երկրի առաջ պատասխանատվություն Հայաստանը կառուցելու և զարգացնելու:

Կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանն իր հերթին ասաց, որ Հայաստանն այսօր պատմական ժամանակներ է ապրում:

«Մենք, լինելով Ազգային ժողովում, այլևս թույլ չենք տա, որ երկրում ցնցումներ և մենաշնորհներ լինեն: Մենք պայքարում ենք լինել երկրորդ ուժը խորհրդարանում»,- նշեց Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան»-ն ամփոփիչ քարոզարշավը սկսեց «Մոսկվա» կինոթատրոնի մոտից, ապա քայլերթով շարժվեց դեպի Հանրապետության Հրապարակ, որտեղից էլ՝ Հյուսիսային պողոտա: Ճանապարհին կուսակցության անդամները «Լուսավոր Հայաստան»-ի խորհրդանշանով փուչիկներ և թռուցիկներ էին բաժանում քաղաքացիներին:

Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ:

© 2009 ARMENPRESS.am