Նախագահը պարգեւներ է հանձնել իրավապահներին

18:23, 6 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արշալույս Մինասյանը և Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հրաչյա Մուշեղյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Շնորհավորելով պարգևատրվածներին՝ նախագահ Սարգսյանը նրանց մաղթել է հաջողություններ, արդյունավետ աշխատանք և բարի ծառայություն իրենց պատասխանատու գործում՝ ի նպաստ մեր երկրում իրավակարգի, օրինականության ամրապնդման և ի շահ մեր ժողովրդի և պետության:

© 2009 ARMENPRESS.am