Արմեն Սարգսյանը Գյումրիում այցելել է Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն

13:42, 5 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը Գյումրիում այցելել են Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնն է՝ հիմնադրված 1935 թվականին։ Թատրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից տիկնիկային թատրոնների համաշխարհային կազմակերպության (ՈՒՆԻՄԱ) անդամ է: 

Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը շրջել են թատրոնում, նրանց ներկայացվել են թատրոնի պատմությունն ու ստեղծագործական ուղին։ Նշվել է, որ երկարատև գործունեության ընթացքում տիկնիկային թատրոնը մասնակցել է բազմաթիվ փառատոնների` արժանանալով մեդալների, դիպլոմների ու պատվոգրերի:

Նախագահը և տիկին Սարգսյանը երեխաների հետ միասին դիտել են Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ Որսկանը» հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացումը։

Ավարտից հետո հանրապետության նախագահը երեխաներին հորդորել է հեքիաթներ կարդալ ու սովորել և նվիրել է հեքիաթների գրքեր։

Նշելով, որ թատրոնն ունի հարուստ ավանդույթներ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Գյումրիի երեխաներն ավելի լավ պայմանների են արժանի և ամեն ինչ պետք է անել, որ այս թատրոնն ավելի բարեկարգ վիճակում հյուրընկալի ևդաստիարակի երեխաներին։

© 2009 ARMENPRESS.am