Երևանում կասեցվել է հերթական ապօրինի շինարարությունը  

19:42, 3 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Մայրաքաղաքում կասեցվել է ապօրինի շինարարության հերթական դեպքը: Նաիրի Զարյան 74/2 հասցեում, եռահարկ առանձնատներին կից, ապօրինի շինարարություն է կատարվել Երևան համայնքին պատկանող տարածքում:

«Քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցների հետ տեղում կատարված ուսումնասիրությամբ հայտնաբերել ենք իրավախախտումը և կառուցապատողին հորդորել, որ այն վերացնի  ինքնուրույն»,- Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,  նշել է Արաբկիր վարչական շրջանի ճարտարապետական բաժնի պետ Մհեր Մանթաշյանը:

Հետևելով ոլորտի պատասխանատուների հորդորներին՝ կառուցապատողն իր ուժերով քանդել է համայնապատկան շուրջ 150 քմ տարածքում կառուցված շինությունները:

Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս հիշեցնում է բնակիչներին՝ զերծ մնալ ապօրինի կառուցապատումներից: Այսուհետ մայրաքաղաքում առանց թույլտվության չի իրականացվելու որևէ շինարարություն: Դրան զուգահեռ՝ մայրաքաղաքում պարզեցվում և հեշտացվում է օրինական շինարարության թույլտվություն ստանալու գործընթացը:


© 2009 ARMENPRESS.am