«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մտահոգված է գյուղացու խնդիրներով

15:57, 30 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 30-ին քարոզարշավն իրականացնում էր Արագածոտնի մարզի Թալին քաղաքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Էդմոն Մարուքյանը, խոսելով թալինցիների և հարակից համայնքներից եկած բնակիչների հետ՝ անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին:

«Գյուղատնտեսության ոլորտում մենք ունենք տարբեր խնդիրներ, օրինակ՝ մինչ այսօր չենք կարողանում ամբողջ Հայաստանում այնպես անել, որպեսզի կարկուտը չփչացնի գյուղացու բերքը: Մենք միշտ եղել ենք տարբեր մարզերի տարբեր համայնքներում և իմացել ենք, թե ինչպիսի խնդիրներ են առկա, օրինակ՝ Թալինում կա ոռոգման ջրի խնդիր»,- նշեց Մարուքյանը:

Նա խոսեց նաև գյուղացու արտադրանքից՝ մսից, կաթնամթերքից, որոնք գյուղացուց չեն գնում, այլ շատ էժան գնով ներմուծում են (օրինակ` միսը) Հնդկաստանից, վերջերս էլ՝ Բելառուսից:

ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:


© 2009 ARMENPRESS.am