Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարեն Ղազարյանի ծնողներին

21:13, 29 Նոյեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նոյեմբերի 29-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է 2018թ. հունիսին հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ծնողներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Կ. Ղազարյանի ծնողներն անհանգստություն են հայտնել որդու առողջական վիճակի հնարավոր սրացման առնչությամբ՝ պայմանավորված նրա` Ադրբեջանում անազատության մեջ գտնվելու և ընթացող դատավարության պայմաններով, կրկին անգամ նշել են, որ 2004-2006թթ. պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո Կ. Ղազարյանը երբևէ չի ծառայել ՀՀ զինված ուժերում:

ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանն իր հերթին նշել է, որ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կ. Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ՝ համագործակցելով ինչպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության  հետ:

Դավիթ Տոնոյանը միաժամանակ հույս է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները Կ. Ղազարյանի՝ հայրենիք վերադառնալու հումանիտար բնույթի խնդիրը չեն դիտարկի հակամարտող կողմերի ռազմագերիների փոխանակման համատեքստում:


© 2009 ARMENPRESS.am