Գորիսի դրամատիկական թատրոնը նորովի է ներկայանում թատերասերներին

10:30, 29 Նոյեմբեր, 2018

 ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գորիսը ԱՊՀ 2018 թվականի մշակու­թային մայրա­քաղաք» միջպետական ծրագ­րի շնորհիվ նոր շունչ է ստացել նաև Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը: Տարվա ընթացքում վերանորոգվել է թատրոնի ճեմասրահը, կահավորվել դահլիճը` ավելի հարմարավետ դարձնելով թատերասերների երեկոները:

«Ցանկանում ենք, որ թատրոնի ճեմասրահը բազմաֆունկցիոնալ լինի, որպեսզի այստեղ ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր և այլ մշակութային միջոցառումներ կազմակերպվեն: Ճեմասրահը արվեստասերների համար պետք է հանգստի գոտի դառնա, իսկ լավ ներկայացումները կապահովեն հանդիսատեսի հոսքը դեպի թատրոն»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Շանթ Հովհաննիսյանը:

Թատրոնում երիտասարդական թատերախումբ է ձևավորվել, իրականացվում են նոր, հետաքրքիր բեմադրություններ` փոքր և մասշտաբային գործեր:

«Վերջերս Մուրացանի «Ռուզան» ստեղծագործության հիման վրա բեմադրություն արեցինք, ունենք մոնոներկայացումներ: Դրանցից մեկը` «Ես սպասում եմ քեզ, սիրելիս»-ը, այս տարի մասնակցեց «ԱրմմոնոPlus» թատերական փառատոնին»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ուշադրություն են դարձնում ամանորյա ներկայացումներին` հիմնականում անդրադառնալով հայտնի հեքիաթների: Այս տարին ևս բացառություն չէ. նոր, ինտերակտիվ բեմադրություն է նախատեսվում, իսկ փոքրիկներին թատրոնում կողջունեն սիրված մուլտֆիլմերի հերոսները:

«Կարծում եմ` թատրոնը միշտ հեքիաթ կլինի մարդկանց համար: Ինչքան էլ հեռուստատեսությունը, համացանցը հանրության ավելի լայն շրջանակի գրավեն, միևնույն է, ավելի կարևոր են կենդանի շփումը, մարդկային անմիջական փոխհարաբերությունները, որոնք առկա են թատրոնում: Որակյալ, ժամանակակից լուծումներով ներկայացումներով կարող ենք թատրոնը գրավիչ դարձնել»,-եզրափակեց Շանթ Հովհաննիսյանը:

Անժելա Համբարձումյան


© 2009 ARMENPRESS.am