Իսպանական «Գլոբալթեք» ընկերությունը նախատեսում է Հայաստանում զբաղվել ինտենսիվ այգեգործությամբ

15:24, 28 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է  իսպանական  «Գլոբալթեք» ընկերության ներկայացուցիչներին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կազմակերպությունը նախատեսում է Հայաստանում իրականացնել  գործող գիտաարտադրական կենտրոնների վերազինում, որտեղ կկարողանան վերապատրաստվել հայ մասնագետներն ու ֆերմերները, ինչպես նաև զբաղվել ինտենսիվ այգեգործությամբ:

Ողջունելով հյուրերին և նշելով, որ երկու նախաձեռնություններն էլ երկրի համար կարևոր և արդիական են` Գեղամ Գևորգյանը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել դրանց իրագործմանը:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ինտենսիվ այգեգործության զարգացմանը, ընկերության կողմից նախատեսվող այգու հիմնմանը, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ այգեգործական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, ծրագրի իրականացման նպատակով վարկային միջոցների ներգրավմանը վերաբերող հարցեր:      

Գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու նպատակով պատվիրակության անդամներն առաջարկել են ստորագրել փոխըմբռնման հուշագիր:   


© 2009 ARMENPRESS.am