Մանվել Գրիգորյանի անշարժ գույքի զգալի մասը ձեռք է բերվել օրենքի խախտումներով. ՀՔԾ պետ  

14:46, 28 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով մի շարք նոր հանգամանքներ են պարզվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հատուկ քննչական ծառայության օրվան նվիրված միջոցառման ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշեց, որ 2018 թվականի հունիսի 15-ին հարուցված այս գործով մինչ օրս հարցաքննվել են 200-ից ավելի անձինք, կատարվել է, ընդհանուր առմամբ, 72 խուզարկություն և առգրավում:

Նա տեղեկացրեց, որ Մանվել  Գրիգորյանի առաձնատնից առգրավված տարբեր անձնանց և կազմակերպությունների անուններով գրանցված 200 անուն անշարժ գույքի սեփականության վկայականների շուրջ կատարված քննությամբ  պարզվել է, որ հիշյալ անշարժ գույքի զգալի մասի ձեռք բերումը կատարվել է  օրենքի խախտումներով:

«Այդ կապակցությամբ արդեն իմ կողմից գրություն է հասցեագրվել  Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման  նախարարին 40 անուն անշարժ գույքը համայնքին վերադարձնելու գործընթաց սկսելու համար: Մնացած գույքի ձեռքբերման օրինականությունը ստուգվում է»,- ասաց Խաչատրյանը:

Նա հավելեց, որ սույն գործով արգելանք է դրվել 4 մեղադրյալների բանկային հաշիվների վրա, նշանակվել է 12 փորձաքննություն:

 


© 2009 ARMENPRESS.am