Գյուլբուդաղյանցը գոհ չէ Ազգերի լիգայի արդյունքից  

15:24, 26 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը գոհ չէ Ազգերի լիգայում գրանցած արդյունքից:

«Ընդհանուր խաղերի արդյունքներից, բնականաբար, գոհ չենք: Բայց գոհ ենք Մակեդոնիայի և Ջիբրալթարի հետ խաղերի արդյունքներից: Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի դեմ ներսի և դրսի երկու խաղերում գնդակի վերահսկողությունը 30/70 հարաբերակցությամբ էր՝ հօգուտ մեզ: Ջիբրալթարի խաղի գոլերը մենք բաց թողեցինք հակագրոհների արդյունքում: Ընդհանուր առմամբ մենք թիմային պաշտպանությունից կաղում էինք: Մենք առավելություն էինք ունենում, երբ կիսապաշտպանությունն էլ էր միանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց մասնագետը:

Գյուլբուդաղյանցի խոսքով` հավաքականն Ազգերի լիգայում որոշել է ավելի շատ եզրերով գրոհել և ֆուտբոլիստների անհատական արագության շնորհիվ պետք էր հասնել արդյունքի: «Ֆուտբոլում մի բան է կարևոր` արդյունքը: Մենք չունեցանք այդ արդյունքը»,-շեշտեց մասնագետը:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլում D խմբի 4-րդ ենթախմբում Հայաստանի հավաքականը վերջին տուրից հետո 2-րդն է: Այս խմբում առաջին տեղը զբաղեցրեց և խմբից դուրս եկավ Մակեդոնիան, որը հավաքեց 15 միավոր: Մակեդոնացիները խմբային փուլում պարտվեցին միայն Հայաստանի հավաքականի հետ Երևանում կայացած խաղում: Հայաստանի ընտրանին 10 միավորով երկրորդն է: Մեր ընտրանին 6 խաղերից միայն 3-ում հաղթանակ տոնեց, մեկ հանդիպում ավարտեց ոչ-ոքի, իսկ երկուսում պարտվեց: 6 միավորով եռյակի վերջում Ջիբրալթարն է, իսկ 4 միավորով վերջինը՝ Լիխտենշտեյնը:


© 2009 ARMENPRESS.am