Արա Բաբլոյանն ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին

12:34, 26 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիեւին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից,  հանդիպմանը ներկա է եղել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:

Ողջունելով հյուրին՝ Արա Բաբլոյանը  կարեւորել է ՍԾՏՀ ԽՎ 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքների անցկացումը Երեւանում:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ կազմակերպությունը  բազմակողմանի տնտեսական համագործակցության յուրահատուկ հարթակ է, որը կարող է նպաստել  տարածաշրջանային կապերի  խորացմանն ու ամրապնդմանը:

Ազգային ժողովի նախագահը վստահեցրել է, որ լիագումար նստաշրջանի  անցկացման համար հայակական կողմը արել է  հնարավորը եւ ակնկալվում է արդյունավետ աշխատանք:

Ասաֆ Հաջիեւը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ նիստերը կանցնեն շահագրգիռ քննարկումների ու փոխհամաձայնության մթնոլորտում:

Զրուցակիցները քննարկել են նստաշրջանի աշխատանքներին վերաբերող ընթացակարգային հարցեր, անդրադարձել սեւծովյան տարածաշրջանում առկա իրավիճակին, ներկայացրել  իրենց տեսակետները որոշ խնդիրների առնչությամբ: 


© 2009 ARMENPRESS.am