Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանին

11:27, 25 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանին և ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հյուրերը նախագահ Սարգսյանին համառոտ ներկայացրել են Հայկական Կարմիր խաչի գործունեության ուղղություններն ու ծրագրերը: Նշելով, որ իրենց հիմնական գործընկերները տարբեր երկրների ազգային նմանատիպ կառույցներն են, որոնց աջակցությամբ բազմաբնույթ ծրագրեր են իրականացվում, Մխիթար Մնացականյանն ասել է, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արդեն 30 տարի հաջողությամբ համագործակցում է մասնավորապես Գերմանական Կարմիր խաչի հետ:

Գերմանիա իր առաջիկա պաշտոնական այցի ընթացքում Հանրապետության նախագահը հյուրընկալվելու է Գերմանական Կարմիր խաչին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Գերմանական Կարմիր խաչի՝ հատկապես վերջին 30 տարիների գործունեությունը Հայաստանում վկայությունն է այն բանի, որ մարդասիրությունը սահմաններ չունի: 


© 2009 ARMENPRESS.am