Տարբեր երկրներից 90 գործարարներ դիմել են Սփյուռքի նախարարություն Հայաստանում ներդրումներ կատարելու հարցերով

12:21, 23 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում վերջին 6 ամիսների ընթացքում տեղի են ունեցել ավելի քան 120 հանդիպումներ սփյուռքահայ գործարարների հետ՝ սփյուռքի ներուժի ներգրավման հեռանկարի նպատակով: Հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:

«Բացի այդ, աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 90 գործարարներ դիմել են սփյուռքի նախարարություն՝ Հայաստանում ներդրումներ կատարելու վերաբերյալ տարբեր հարցերով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հայրապետյանը:

Ըստ նրա, նախարարության «ՆերՈւժ» ինտերակտիվ սթարթափ ծրագիրը նախատեսվել է 18-35 տարեկան սփյուռքահայ երիտասարդ ձեռներեցների համար: Այն բացառիկ հնարավորություն է բիզնես ոլորտի գիտելիքների հարստացման, գործընկերային կապերի ընդլայնման, ինչպես նաև մեկնարկային ծրագրեր ներկայացնելու, ֆինանսավորում ստանալու և դրանք իրագործելու համար:

Ծրագրի նպատակն է սփյուռքի հայազգի ձեռներեցների համար հնարավորություն ստեղծել սթարթափեր բերելու Հայաստան և բարելավելու երկրում սթարթափերի էկոհամակարգը։ Ծրագրի թիրախային ոլորտներն են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, նորարարական տեխնոլոգիաները:

Ծրագրի ավարտական փուլն անցկացվելու է Հայաստանում` UWC Դիլիջան քոլեջում 2018 թվականի դեկտեմբերի 16-21-ը, որին մասնակցելու համար արդեն ընտրվել են մոտ 70 սթարթափ գաղափարներ, որոնցից 50-ը՝ սփյուռքից:

 


© 2009 ARMENPRESS.am