ԿԳ նախարարությունը նախատեսում է Հայաստանի ամենահեռավոր դպրոցները վերածել ժամանակավոր մշակութային կենտրոնների

19:00, 22 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է Հայաստանի պատկերասրահներում  գտնվող  արվեստի գործերը  տեղափոխել ամենահեռավոր դպրոցներ և այդ դպրոցները վերածել ժամանակավոր մշակութային կենտրոնների: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

«Որոշել ենք Հայաստանի պատկերասրահներում  գտնվող  արվեստի գործերը  տեղափոխել ամենահեռավոր դպրոցներ և  որոշ ժամանակով այդ դպրոցները վերածել մշակութային կենտրոնների, որտեղ կլինեն դասախոսություններ, և հարևան համայքներից կայցելեն  աշակերտներ ու կծանոթանան  արվեստի գլուխգործոցներին»,- ասաց Հարությունյանը:

Ըստ Հարությունյանի` այս քայլով կիրականացվի մշակութային արժեքների նկատմամբ աշակերտների ընկալումների փոփոխություն:

«Շատ հաճախ նրանք կարծում էին, որ առանձնահատուկ պահպանության և պաշտպանության կարիք ունեն նախարարները, երկրի ղեկավարները, օլիգարխները, թաղի տղաները: Հիմա մենք ցույց ենք տալու, թե իրականում որ արժեքները պաշտպանության կարիք ունեն»,- եզրափակեց նախարարի պաշտոնակատարը:

 


© 2009 ARMENPRESS.am