ՌԴ-ն եւ Իրանն իրենց առեւտրական գործառնությունները պաշտպանում են արտաքին ներգործությունից. Զախարովա

15:48, 22 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան եւ Թեհրանն ապահովում են իրենց առեւտրատնտեսական գործարքավարությունների անվտանգությունը եւ դրանք պաշտպանում են արտաքին ներգործությունից: Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, նոյեմբերի 22-ին կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչ վերաբերում Է միջբանկային ոլորտում Ռուսաստանի եւ Իրանի համագործակցությանը, այն տեղի Է ունենում հետեւողականորեն եւ արդյունավետորեն, պրոֆիլային աշխատանքային խմբերը գործում են առեւտրատնտեսական համագործակցության երկկողմ կառուցվածքի շրջանակներում: Մոսկվան եւ Թեհրանը պլանաչափորեն եւ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կնքումից շատ առաջ աշխատել են եւ շարունակում են աշխատել, որպեսզի իրենց օրինական տնտեսական կապերը վտանգազերծեն արտաքին ներգործությունից»,- ասել Է նա:

ՌԴ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվայում ափսոսում են, որ Համաշխարհային միջբանկային ֆինանսական կապուղիների ընկերությունը (SWIFT) ենթարկվեց ԱՄՆ-ի հակաիրանական միակողմանի պատժամիջոցներին, որոնք սահմանվեցին նոյեմբերին, եւ մի շարք բանկեր եւ վարկային կազմակերպություններ, ներառյալ Իրանի Կենտրոնական բանկը, անջատեց բանկային համակարգից: «Մենք տեղեկատվություն չունենք, որ նման որոշումն արտոներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կամ որեւԷ միջազգային-իրավական ատյան, որոնց որոշումներն օրինական լինեին»,- հավելել Է դիվանագետը:


© 2009 ARMENPRESS.am