ՀՅԴ պատգամավորի կարծիքով՝ ընտրակաշառքի սպասելիք ունեցողներն այս ընտրություններում սկսելու են լսել կուսակցությունների ծրագրերը

10:50, 22 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորի համոզմամբ՝ այս ընտրություններում խորհրդարան անցնելու ավելի մեծ հնարավորություններ ունեն: Պատգամավորը վստահ է, որ ընտրակաշառք չի բաժանվելու, և ընտրակաշառքի սպասելիք ունեցող մարդիկ սկսելու են լսել կուսակցությունների ծրագրերը: «Արմենպրես»-ը խորհրդարանական ընտրությունների մասին զրուցել է պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հետ:

-Տիկին Կյուրեղյան, ՀՀԿ խմբակցության ղեկավարը դիտարկում էր արել՝ իրենց ընդդիմադիր ներկայացնող կուսակցությունները, եթե իսկապես ընդդիմադիր էին, թող միավորվեին: ՀՅԴ-ն իր առաջ որևէ մեկի հետ միավորվելու խնդիր դրե ՞լ է:

-Մենք բազմիցս հայտարարել ենք, որ միշտ ընտրության ենք գնում միայնակ: Եվ նույնը անելու ենք հիմա: Որևէ կուսակցության հետ միավորման խնդիրը մեզ համար օրակարգային հարց չի եղել: Իսկ ընդդիմադիր լինելը կախված է ընտրության արդյունքներից:

-Այս պահին դուք ձեզ ընդդիմություն համարո ՞ւմ եք:

-Այս պահին մենք մեր մոտեցումները հստակ ձևակերպում և արտահայտում ենք: Այն բոլոր մոտեցումների նկատմամբ, որոնք ներկայացվում են կառավարության կողմից և մեզ համար ընդունելի են, մեր դիրքորոշումն արտահայտում ենք մեր քվեարկությամբ, որոնք ընդունելի չեն՝ կրկին արտահայտում ենք քվեարկությամբ: Փաստն այն է, որ մենք կառավարության կազմում չենք, իսկ իշխանությունը կառավարություն ձևավորող ուժն է:

-Հանրապետական խմբակցությունից նշում են, որ որպես ընդդիմություն ներկայացող մյուս ուժերը ներքաղաքական փոփոխությունների շրջանում սպասում էին՝ տեսնեն, թե Հանրապետական կուսակցությունն ինչ է անում, մեկ իրենց հետ էին բանակցում, մեկ ներկայիս իշխող քաղաքական ուժի: Եղե՞լ է, որ դուք բանակցեք հանրապետականների հետ, հետո էլ՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի:

-Մենք ամեն հարցի վերաբերյալ մեր հստակ մոտեցումն ենք արտահայտել: Մենք այնպիսի մոտեցում ենք ցուցաբերել, որը համապատասխան էր մեր քաղաքականությանը, մեր տեսլականին: Ինչ-որ հարցի վերաբերյալ միգուցե ունեցել ենք քննարկումներ, բայց մեր որոշումը կայացրել ենք մենք: Ծանրութեթև ենք արել, թե ինչ օգուտ կբերի այդ որոշումը երկրի ամրապնդմանը, և ոչ թե՝ որ ուժն է ավելի ծանրակշիռ: Մեր բոլոր քայլերը բխել են մի կետից՝ նպաստելու երկրի պետականության ամրապնդմանը:

-Այս խորհրդարանական ընտրությունները Հայ յեղափոխական դաշնակցության համար ինչո՞վ են առանձնանալու:

-Մենք տեսնում ենք, որ այսօրվա ընտրապայքարի մեջ մտած ուժերից միայն Դաշնակցությունն է, որ խիստ կարևորում է սոցիալական արդարության կայացումը երկրում, միայն Դաշնակցությունն է, որ առաջին պլան է դնում ազգային անվտանգության խնդիրը, տնտեսության զարգացման մեջ խիստ կարևորում է պետության դերը:

-Իսկ ընտրապայքարի պայմանների առումով ի՞նչ կփոխվի ձեզ համար:

-Բնական է, որ այս տարվա ընտրությունները խիստ տարբերվում են նախորդ տարիների ընտրություններից նաև ժամանակի առումով։ Սրանք արտահերթ ընտրություններ են, և այդ առումով պայմաններն ավելի սեղմ են: Խորհրդարանական ընտրությունների պատրաստվելու համար 12 օրն արդեն քիչ է: Իշխանական ուժի ցուցակում են կառավարության կազմը, մարզպետներ, փոխմարզպետներ: Հիմա իմ մեջ հարց է առաջանում՝ բոլոր ներգրավվածներն արձակո՞ւրդ են վերցնելու, ամբողջ կառավարությունն արձակո՞ւրդ է վերցնելու, թե՞ բավարարվելու են աշխատանքային ժամերից հետո քարոզարշավ անելով:

-Տիկին Կյուրեղյան, վարչապետի պաշտոնակատարը հավաստիացնում է, որ այս ընտրություններում ընտրակաշառք չի բաժանվելու, ընտրակեղծարարություն չի լինելու, նախորդ ընտրությունների ժամանակ դա ինչ-որ կերպ խոչընդոտե՞լ է ձեր աշխատանքին, և ՀՅԴ-ի համար խորհրդարան անցնելու ավելի մեծ շանսեր ստեղծվո՞ւմ են սրանով:

-Առավել քան համոզված եմ, որ նախորդ ընտրություններին որևէ ընտրատեղամասում ընտրակեղծիք չի կատարվել: Հանձնաժողովներում, ընտրատեղամասերում ամեն ինչ կատարվել է  օրենքի պահանջներին համապատասխան: Իսկ թե դրսում ինչ է կատարվել, ես չեմ ուզում կրկնել: Ես համոզված եմ, որ այս անգամ ընտրակաշառք չի լինելու, համենայնդեպս՝ շատ ուժեր չեն դիմելու ընտրակաշառք բաժանելով ձայներ ստանալու ռիսկին: Մենք ոչ մի անգամ նման մեխանիզմի չենք դիմել, մեր յուրքանչյուր քվե մեր գաղափարախոսության համար է: Սակայն վարչական լծակների օգտագործման բացառումն ինձ համար ակնհայտ չէ: Ողջ վարչական լծակներին տիրապետողներն այսօր ցուցակներում կան: Ես մտավախություն ունեմ. վարչական լծակների օգտագործումն այս պահին ինձ համար բացառված չէ: Ես համոզված եմ, որ խորհրդարան անցնելու ավելի շատ հնարավորություն ունենք: Համոզված եմ, որ հանրությունն այս անգամ ավելի շատ է վստահելու Դաշնակցությանը նաև այն պատճառով, որ ընտրակաշառք չի լինելու: Մենք ոչ մի անգամ ընտրակաշառքի վրա հույս չենք դրել: Եվ այսօր ընտրակաշառքի սպասելիք ունեցող մարդիկ սկսելու են լսել կուսակցությունների ծրագրերը:

-ՀՅԴ-ն խորհրդարան անցնելու համար ո՞ր տեղի համար է պայքարում:

-Մենք պայքարելու ենք ավելի շատ քվեներ ձեռք բերելու համար: Ցանկացած կուսակցություն ընտրապայքարի մեջ է մտնում առավելագույն ձայներ ստանալու ակնկալիքով: Մենք 128 տարվա կուսակցություն ենք, եղել ենք, կանք ու կլինենք:

-ՀՅԴ-ի համար ռեյտինգային ընտրակարգը խոչընդոտներ կառաջացնի՞:

-100-տոկոսանոց բաց համամասնական ընտրակարգի մասին մենք խոսել ենք դեռ 20 տարի առաջ: Բաց ընտրակարգը շատ ավելի ժողովրդավար է: Մենք արտահայտել ենք մեր մոտեցումը, որ տարածքային ռեյտինգային ընտրակարգին դեմ ենք: Այս ընտրակարգը բոլորին էլ խանգարելու է: Խնդին այն չէ, թե քանի մանդատ կստանանք, խնդիրը երևույթն է: Արդյունքում մենք ունենալու ենք պատգամավոր, որը շատ ավելի քիչ ձայնով ստացել է մանդատ, սակայն մեկ այլ մարդ ավելի շատ ձայնով չի ստացել մանդատ:

-Բացառո՞ւմ եք, որ խորհրդարան անցնելու դեպքում կոալիցիա կկազմեք:

-Տարբեր ժամանակներում մեր կոալիցիաները չեն եղել պարզապես մանդատ կամ նախարարական պորտֆել վերցնելու նպատակով: Մեր կոալիցիաները եղել են կոնկրետ օրակարգային հարցերի շուրջ: Եվ այն բոլոր օրակարգային հարցերը, որ դրվել են կոալիցիաների հիմքում, ստացել են լուծումներ: Եվ այդ լուծումներից այսօր օգտվում է ողջ հանրությունը: Դրանցից մեկը խորհրդարանական համակարգի հաստատումն էր, որի արդյունքում նաև ունենք այս հեղափոխության հաղթանակը: Մեր բոլոր կոալիցիաները տվել են իրենց արդյունքը, և եթե առաջիկայում ունենանք այնպիսի հարցեր, որոնց լուծումից կախված կլինի ազգային պետականության ամրապնդումը, ազգային անվտանգության հարցերը, մենք միգուցե կկազմենք կոալիցիա: Սակայն մանդատ կամ պորտֆել ստանձնելու համար կոալիցիա կազմել չի լինի, դա մեր մոտեցումը չէ:

Հարցազրույցը վարեց

Աննա Գրիգորյանը

 


© 2009 ARMENPRESS.am