Բակո Սահակյանն այցելել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

10:45, 22 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին այցելել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն եւ հանդիպել դիվանագիտական անձնակազմի հետ՝ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Ամերիկա կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Այս համատեքստում Նախագահ Սահակյանը կարեւորել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության եւ ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության սերտ փոխգործակցությունը՝ այն համարելով նախանշված ծրագրերի հաջող իրականացման կարեւոր գրավական:

Նույն օրը հյուպատոսությունում տեղի է ունեցել համայնքային ընդունելություն՝ ի պատիվ Նախագահ Սահակյանի:

Ջերմ եւ անմիջական մթնոլորտում քննարկվել են Արցախի պետականաշինությանը, Հայրենիք-Սփյուռք կապերին, տարածաշրջանային գործընթացներին առնչվող խնդիրներ:

Նախագահը նաեւ պատասխանել է ներկաների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք:


© 2009 ARMENPRESS.am