Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Գիդո Ռայմոնդիին

15:34, 21 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 20-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում հանդիպեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, արժևորելով ՄԻԵԴ հետ համագործակցությունը՝ Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ բազմակողմ հարթակներն առավել մեծ կարևորություն ունեն փոքր պետությունների համար՝ արտահայտելու ինքնիշխան հավասարությունը, իսկ այսօր, երբ բազմակողմ այս հարթակն առերեսվում է նոր մարտահրավերների, առավել արդիական է դառնում համընդհանուր շահերի առաջմղման շուրջ համագործակցության կարևորությունը:

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ մարդու իրավունքների պաշտպանության այս համակարգը բացառիկ է և կարող է իրապես արդյունավետ լինել միայն գործուն ժողովրդավարության պայմաններում:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին ՄԻԵԴ հետ Հայաստանի համագործակցության խորացման և արդյունավետության առավել բարձրացման վերաբերյալ:

ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին զարգացումները: Նա նաև անդրադարձ կատարեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշմանը և մոտեցումներին։

Ներկայացնելով անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի դեմ Ադրբեջանում դատական գործընթացը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ դատապարտելի է միջազգային հումանիտար իրավունքի խախտմամբ առողջական ակնհայտ խնդիրներ ունեցող անձի ներգրավումը դատական գործընթացում, որը ֆարսի վերածելով՝ փորձ է արվում հավասարության նշան դնել անմեղ մարդու և իրական մարդասպանների միջև:  


© 2009 ARMENPRESS.am